Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Մակարդախոտ իսկական - Подмаренник настоящий - Galium verum L.

Մակարդախոտ իսկական - Подмаренник настоящий - Galium verum L.

Հայկական տարանունները - բուն մածնի, կաթնախոտ, կաթնախոտ, կտրածի խոտ, մածնի, մակրդուկ, քրքմեղ

Դեղաբույսի նկարագրությունը: Տորոնազգիների ընտանիքին պատկանող, 15-80 սմ երկարության, ճյուղավոր, թույլ խավոտ ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի 8-12 փայլուն, սրածայր տերևներ, հաճելի նուրբ հոտով դեղին ծաղիկներ, հարթ ու մերկ պտուղներ: Համը դառն է ու տտիպ: Ծաղկում է մայիս-սեպտեմբեր, պտղակալում` հուլիս-հոկտեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով: Աճում է ամենուր, ենթալպյան մարգագետիններում, արոտավայրերում, խոտհարքներում, անտառներում, ճամփեզրերին, աղբուտներում, անմշակ հողերում և այլուր:

 

Մեր հանրապետությունում հայտնի են տասնյակ տեսակներ, որոնցից մի քանիսը` մագլցողը, փափուկը, հատկապես իսկական մակարդախոտը, ունեն բուժական նշանակություն: Ցեղի «Գալիում» անունը հունական ծագում ունի. այն առաջ է եկել «գալա» բառից, որը նշանակում է կաթ, ելնելով այն բանից, որ բույսն ունի կաթը մակարդելու հատկություն:

 

Քիմիական բաղադրությունը: Բույսի վերգետնյա մասերում հայտնաբերված են ասպերուլոզիդ, գալիոզին և ռուբիադին գլիկոզիդները, C վիտամին, ներկանյութ, դաբաղանյութեր, եթերայուղի հետքեր, կաթը մակարդող ֆերմենտ, որը ինչ որ չափով հիշեցնում է խիմոզինը կամ պեպսինը:

 

 

Բուժական նշանակությունը: Դեղաբույսը մինչև հիմա դեռևս չի գտել իր տեղը գիտական բժշկության մեջ, այն դեպքում, երբ այն համարվում է ժողովրդական բժշկության և հոմեոպաթիայի բավականաչափ հանրահայտ դեղամիջոցներից մեկը: Բուժման նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման սեզոնում, ամբողջական կամ միայն ծաղկաբույլերը: Հումքը չորացնում են բացօթյա, միջանցուկ քամու տակ:

 

Ամիրդովլաթը դեղաբույսը («ղալիոն» անվան տակ)` խառնելով վարդի յուղի հետ, նշում է, որ վերացնում է օրգանիզմի թուլությունը, արմատը` ավելացնում է մերձավորության ուժը, իսկ ծաղիկները` սպեղանու ձևով, բուժում են այրվածքը, դադարեցնում արյունահոսությունը:

 

Ըստ Մ.Ա. Նոսալի, մակարդախոտի հեմոստատիկ հատկությունն ավելի կատարյալ է դառնում, երբ այն օգտագործվում է լորենու սերմերի, քարխոտի արմատի, հովվամաղախի, ջրապղպեղի և ծտապաշարի հետ: Տիբեթական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է տարբեր տեսակի արյունահոսությունները դադարեցնող հուսալի միջոց, իսկ հոմեոպաթիայում այն օգտագործում են էկզեմայի և մաշկի քաղցկեղի ժամանակ:

 

 

Բուլղարիայում դեղաբույսն օգտագործում են որպես լուծողական և միզամուղ միջոց` տարբեր բնույթի այտուցների, գեղձախտի, ստամոքսաաղիքային տրակտի բորբոքումների ժամանակ, իսկ ժողովրդական բժշկության մեջ բույսի թարմ հյութն օգտագործվում է մաշկայաին ախտահարումների և քաղցկեղի դեպքում: Ֆրանսիայում մակարդախոտն օգտագործվում է որպես մածող, վերքամոքող և հակալնդախտային միջոց, իսկ Իտալիայում` որպես ցավազրկող, քաղցկեղի դեպքում: Որպես միզամուղ դեղաբույսը լայն ճանաչում ունի մի շարք երկրներում և կիրառվում է սակավամիզությամբ ընթացող երիկամային որոշ հիվանդությունների ժամանակ: Որպես նյութափոխանակությունը լավացնող միջոց այն օգտագործվում է մաշկային պզուկները, ֆուրունկուլները և թարախային այլ բորբոքումները բուժելու նպատակով: Բազմաթիվ տվյալների համաձայն, դեղաբույսի թարմ հյութը կամ նրա ալրափոշին մաքրում են վերքերը թարախից, արագացնում դրանց ռեգենրացիան:

 

Դեղաբույսի միզամուղ արդյունքը պարզելու նպատակով նրա թարմ հյութը ըմպելու ձևով օգտագործել ենք լյարդի ցիռոզի հողի վրա առաջ եկած ասցիտի ժամանակ, բոլոր դեպքերում նշանակումից հանելով այլ միզամուղ դեղամիջոցները: Երբ որովայնային պունկցիայի միջոցով 8 հիվանդի մոտ հեռացրել ենք ասցիտ հեղուկը, վերջինիս միջին հաշվով 18 օրից հետո նորից է կուտակվել և առաջացրել կենսական ցուցմունք` հերթական պունկցիայի համար: Մինչդեռ, երբ պունկցիայից հետո հիվանդները սկսել են պարբերաբար օգտագործել թարմ բուսահյութ, զգալի լավացել է նրանց ինքնազգացումը, ախորժակը, քունը, պակասել պահանջը խմելու ջրի նկատմամբ, մոտ 1,5 անգամ ավելացել է մեզի օրվա դիուրեզը, իսկ ամենակարևորը` թեև որովայնում շարունակվել է կուտակվել ասցիտ հեղուկ, սակայն այն պունկցիայի կենսական պահանջ առաջ է բերել միջին հաշվով 1-1,5 ամիս հետո: Այս տվյալները մեզ հիմք են տվել մակարդախոտի թարմ հյութն օգտագործելու այտուցներով ուղեկցվող հիվանդությունների դեպքերում: Դեղաբույսը կողմնակի անցանկալի երևույթներ չի առաջացնում:

 

 

Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 40 գ հումքը 1 ժամ թրմում են 1 լ եռման ջրում, հովացնում, քամում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ` 2 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրվա ընթացքում` 3 անգամ: Թարմ հյութն օգտագործում են միանգամից 2-3 ճաշի գդալ` օրական 2 անգամ կամ 3-4 ըմպանակ` օրական 3 անգամ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Բուսահյութը մակարդում է կաթը. մի շարք երկրներում օգտագործելով նրա այդ հատկությունը, պատրաստում են հատուկ որակի պանիր: Ըստ Կ. Գաբիկյանի, գյուղացիները և հովիվները մակարդ չունենալու դեպքում կաթը մերում են մակարդախոտով: Բացի այդ, բույսից ստացվում են կարմիր և դեղնականաչավուն ներկեր:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ